24-րդ Միջմասնաճիւղային խաղերը՝ Ուրմիայում

Նւիրւած՝ Հայ Տառերի Գիւտի 1600-ամեակին

2006 թւի օգոստոսի 20-ին, երեկոյան ժամը 6-ին, բարձր հովանաւորութեամբ Ատրպատականի Հայոց Թեմի Բարեջան Թեմակալ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Նշան Ս. Եպս. Թօփուզեանի, նախագահութեամբ Ուրմիոյ հոգեւոր Հովիւ՝ Հոգշ. Տ. Ստեփանոս Աբղ. Փաշայեանի, Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիոյ Մասնաճիւղի, նախաձեռնութեամբ նոյն մասնաճիւղի շրջափակում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի 24-րդ Միջմասնաճիւղային Խաղերի բացման մեծաշուք հանդիսութիւնը: Այս տարի խաղերը նւիրւած էին Հայոց Տառերի Գիւտի 1600-ամեկին: Բացման արարողութեանը ներկայ էին Իրանի Իսլամական Խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ ճարտարագէտ՝ պրն. Գէորգ Վարդանեանը, պետական ներկայացուցիչներ, Ուրմիոյ պատգամաւորական ժողովի, Գործակալական Խորհրդի եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան ներկայացուցիչներ եւ հոծ բազմութիւն:
       Սկզբում կատարւեց մասնակից խմբերի (Հ.Մ.Ա.Կ.-ի Թեհրանի, Թաւրիզի, Գեարդաբադի եւ Ուրմիոյ) տողանցքը: Ապա Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիոյ Մասնաճիւղի կրտսեր բաժանմունքի անդամների միջոցով հնչեց ու երգւեց Իրանի Իսլամական հանրապետութեան եւ Հ.Մ.Ա.Կ.-ի հիմները: Արտայայտւեցին Ուրմիոյ մասնաճիւղի նախագահ՝ ընկեր Գառնիկ Յարութիւնեանը, ապա ընկեր Մարտիկ Յարութիւնեանը (պարսկերէն լեզւով), տկն, Լորիկ Ազիզեանը եւ Ուրմիոյ Մարմնակրթական Կազմակերպութեան նախագահ՝ պրն. Քիւմարսէ Փուր Իրանդուսթը:

Այնուհետեւ պրն. Գէորգ Վարդանեանը արտայայտւելով շեշտեց կարեւորութիւնը միջմասնաճիւղային խաղերի, որից յետոյ Հոգշ. Տ. Ստեփանոս Աբղ. Փաշայեանը փոխանցեց Գերշ. Տ. Նշան Ս. Եպս. Թօփուզեանի, ինչպէս նաեւ Թեմական Խորհրդի պատգամը: Նա բարձր գնահատեց Ուրմիոյ Մասնաճիւղի Վարչութեան եւ անդամ-ուհիների ամենայն պատասխանատւութեամբ կատարած աշխատանքը:

Կրտսեր բաժանմունքի անդամների կողմից երգւեցին Հայաստան աշխարհ եւ Հայորդի ... երգերը եւ կատարւեցին հայկական եւ եւրոպական զանազան տեսակի պարեր:

Վերջում պրն. Գէորգ Վարդանեանի ձեռամբ գնդակը նետւեց մարզադաշտ առ ի նշան խաղերի բացման: Հինգ օր տեւած խաղերի ընթացքում, ընկերական մթնոլորտում միմիանց հետ մրցեցին Հ.Մ.Ա.Կ.-ի մարզիկները, եւ օգոստոսի 25-ին կատարւեց խաղերի հանդիսաւոր փակման արարողութիւնը, որին ներկայ էին՝ Գերշ. Տ. Նշան Ս. Եպս. Թօփուզեանը, Հոգշ. Տ. Ստեփանոս Աբղ. Փաշայեանը, շրջանում Ազգ. Մարմինների ու Միութիւնների ներկայացուցիչները եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Խալոյեանը:

Ընկեր Գառնիկ Յարութիւնեանը իր շնորհակալական խօսքն ուղղեց՝ Առաջնորդ Սրբազան հօրը, Հոգշ. Հայ Սուրբին եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեանը, ինչպէս նաեւ շրջանում աշխատող Ազգային Մարմիններին ու Միութիւններին եւ բոլոր նրանց, ովքեր բարոյապէս կամ նիւթապէս հովանաւորել են մասնաճիւղին խաղերի յաջող ընթացքի համար: Այնուհետեւ իրենց քաջալերանքի խօսքերով հանդէս եկան ընկեր Հենրիկ Խալոյեանն ու Գերշ. Տ. Նշան Ս. Եպս. Թօփուզեանը:

Աւարտին, բեմ հրաւիրւեցին Առաջնորդ Սրբազան Հայրը, Հոգշ. Հայ Սուրբը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան Նախագահը, ինչպէս նաեւ Ուրմիոյ Գործակալական Խորհուրդի Նախագահը, յանձնելու ախոյեան խմբերի եւ մարզիկների վկայագիրները, գաւաթներն ու մեդալները:

Ստորեւ ներկայացնում ենք 24-րդ միջմասնաճիւղային խաղերի պաշտօնական արդիւնքները՝

Ֆուրբոլ (տղայոց)

1)      Ուրմիա 1

2)      Թաւրիզ

3)      Թեհրան

Բասկետբոլ (տղայոց)

1)      Թաւրիզ

2)      Ուրմիա 1

3)      Գեարդաբադ

Բասկետբոլ (աղջկանց)

1)      Թաւրիզ

2)      Ուրմիա

3)      Թեհրան

Սեղանի Թենիս (աղջկանց-խմբային)

1)      Թաւրիզ 2

2)      Գեարդաբադ

3)      Թաւրիզ 1

 Սեղանի Թենիս (աղջկանց-անհատական)

1)      Հիլդա Ետգարեան (Գեարդաբադ)

2)      Նայիրի Փասէֆեան (Թաւրիզ)

3)      Սեւանա Միքայէլեան (Թաւրիզ)

Սեղանի Թենիս (տղայոց-խմբային)

1)      Գեարդաբադ

2)      Թեհրան

3)      Ուրմիա

Սեղանի Թենիս (տղայոց-անհատական)

1)      Արբէլ Մինասեան (Թեհրան)

2)      Արսիկ Արշակեան (Գեարդաբադ)

3)      Սարգիս Աբրահամեան (Ուրմիա)       

Ճատրակ

1)      Թեհրան

2)      Թաւրիզ

3)      Ուրմիա

Նշելի ու բարձր գնահատելի է, որ վարք ու բարքի գաւաթին արժանացաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի Մասնաճիւղը:

 





Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .