Հ.Մ.Ա-Կ.-ի Արւեստից Միութեան նախաձեռնութեամբ
Վարդան Պետրոսեանի «Վելելք»-ի ներկայացումը «Կոմիտաս» սրահում

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Արւեստից Միութեան նախաձեռնութեամբ 2008 թ. հինգշաբթի, յունւարի 31-ին եւ ուրբաթ փետրւարի 1-ին Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ հանրայայտ դերասան եւ արւեստագէտ՝ Վարդան Պետրոսեանի «Վերելք» թատերախաղի մենաներկայացումը:
Ուրբաթ, փետրւարի 1-ի ներկայացմանը, «Կոմիտաս» սրահում ներկայ էին գտնւել, Իրանում Հ.Հ. արտակարգ եւ լիազօր դեսպան Կարէն Նազարեանը, Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրգտ. Գէորգ Վարդանեանը, Թ.Հ. Թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան կազմը եւ հոծ թւով արւեստասէր հասարակութիւն:
Ծրագրի բացման խօսքով հանդէս եկաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից Միութեան անդամ Ալենուշ Այւազեանը, որն անդրադարձաւ Վարդան Պետրոսեանի «Վերելք» ներկայացումը թէ՛ իր բովանդակութեամբ, եւ թէ՛ բեմականացման ձեւով արմատապէս տարբերւում է նրա նախորդ ստեղծագործութիւններից:
Այնուհետեւ բեմի խորհրդաւոր մթութեան մէջ յայտնւեց դերասան Վարդան Պետրոսեանը, որն սկզբում իր արագաշարժ զւարճալի պարով ու սրամիտ պերճախօսութեամբ ու հիւմորախառն արտայայտութիւններով ու թատերական արւեստին բնորոշ ճկուն ու ճարպիկ շարժաձեւերով եւ դէմքի բացառիկ երգիծական արտայայտութեամբ՝ մեծ խանդավառութիւն ու բարձր տրամադրութիւն ստեղծեց հանդիսատեսի մօտ:
Սակայն պէտք է նշել որ բեմադրութեան ներածականն իրականում զաւեշտի միջոցով փորձում է անցեալի եւ ներկայի միջեւ կապ ստեղծելով, ճանապարհ բացել հայ ժողովրդի ամենաողբերգակաբ իրադարձութեան դեռ չբացայայտւած ցաւալի ծալքերի լուսաբանմանը եւ մեր ազգի ներկայ սերնդի բոլոր տարրերի մոտ արթնացնել ինքնագիտակցութեան եւ զգոն վերապրումի հասկացողութիւնը:
Այստեղ, յարմար ենք նկատում ուղղակի մէջբերում կատարել արւեստագէտի խօսքը «Վերելք»-ի ծնունդ առնելու եւ արծարծւած թեմայի եզակիութեան մասին. «Այո՛, ես կարծում եմ, որ վշտի ժամանակն անցել է, որ արդէն ժամանակն է մեր ենթագիտակցութիւնից դուրս նետելու զոհի բարդոյթը եւ գիտակցաբար գնահատելու կատարւածը, որպէսզի հնարաւոր լինի առաջ շարժւել օրէցօր ապրելով աւելի ազնիւ, քանի որ մեծ ողբերգութիւնը մաքրում, ազնւացնում է մարդուն: Ես ուզում եմ «Վերելք»-ով արթնացնել մարդկային էութեան հէնց այս կողմերը», -ասում է նա:
«Վերելք»-ը իր ժանրում մի բացառիկ ներկայացում է, որի մէջ համատեղ ընդգրկւած է ողբերգութիւնն ու կատակերգութիւնը, ինչը խորքում կարելի է համարել բովանդակ ազգային վերազարթօնքի հրապարակային կոչ՝ ուղղւած Ցեղասպանութեան վիշտը կարող մի ժողովրդի յաջորդական սերնդներին: Փաստօրէն «Վերելք»-ը ճիշտ է՝ աւելի՛ն քան թատերական մի ներկայացում:
Վարդան Պետրոսեանն իր դերասանական մեծ հանճարով, խօսքի ու խաղի, երաժշտութեան ու լոյսի համադրութեամբ բացառիկ վարպետութեամբ ու մոգական գրաւչութեամբ, լիովին կախարդել էր հանդիսատեսին եւ նրա ենթագիտակցութեան խորքերում արթնացրել Մեծ Եղեռնի վերքն ամոքելու եւ ազգային «Վերելք»-ի փնտրտուքի գիտակցութիւնը:
Բեմադրութեան ընթացքում, պաստառի վրայ պատկերներով ներկայացւում է 20-րդ դարասկզբի պատմական ժամանակահատւածում Արեւմտեան Հայաստանում Թուրքիայի միջոցով իրագործւած Հայոց Մեծ Եղեռնի դառնաղէտ դէպքերը եւ միաժամանակ՝ Աստղիկ Սիմոնեանի «Կոմիտասեան խճանկարներ» պատմւածքից մէջբերումներ կատարելով՝ հէնց Կոմիտասի լեզւից պատմում է իր կեանքը: Այստեղ Մեծն Կոմիտասի կեանքը խորհրդանշականօրէն մարմնաւորում է ողջ հայ ջողովրդի անցած տառապանքներն ու հրեշաւոր ջարդերը՝ 1915-ից մինչեւ 1923 թւականներին ընկած ժամանակաշրջանում: Սակայն, նաեւ Կոմիտասի կերպարը խտացնում է մեր ազգի անպարտելի հոգու կենսագործման ձիրքի, յամառ ու անկոտրում կամքի եւ աննահանջ «Վերելք»-ի տեսլականը:
Թատերական արւեստի առանձնայատկութիւններով դերասան Վարդան Պետրոսեանը, որն ինքն անմիջականօրէն կենդանի կապն է հանդիսանում Եղեռնի ենթարկւած եւ մեր ժողովրդի վերապրումն անցկացրած սերնդների մըջեւ փորձում է իր իսկ հեղինակած կերպարների միջոցով, ներկայացնել հայ ժողովրդի տարբեր խաւերի մէջ ձեւակերպւած մտածումներն ու վերաբերմունքն իր սեփական պատմութեան մշակոյթի եւ ճակատագրի մասին: Դերասանի լեզւից արտաբերւում է պարզամիտ գաւառացուց՝ մինչեւ մտաւորականը, աւանդապաշտ սփիւռքահայ մարդուց մինչեւ Հայաստանցի շարքային քաղաքացի ու բիզինեսմէնը:
Յամենայնդէպս՝ «Վերելք» ներկայացումը յաջողութեամբ կարողացել է վեր հանել մեր ժողովրդի հոգեկան ներաշխարհում տիրող ցասումը, պայքարի ու դիմադրողականութեան, վերածնունդի ու կենսունակութեան բովանդակ զգացումներն ու ապրումները:
Այլ խօսքով, բեմադրութեան աւարտին հանդիսատեսը գերզգացւած լարումով՝ ըմբռնում է Հայոց Ցեղասպանութիւնը նորովի իմաստաւորելո, մաքրւելու միջոց եւ վերելքի ճանապարհ դարձնելու գաղափարը:
Աւելորդ չէ ասել, որ Պետրոսենական դերասանական առանձնայատկութիւնը կայանում է նրանում, որ «Վերելք»-ի մի քանի պլանով ներկայացնում է Հայոց Ցեղասպանութիւնը, Մեծն Կոմիտասի կեանքն ու նրա թողած արժէքաւոր մշակութային ժառանգութիւնը, եւ ի վերջոյ խորհրդանշում է հայ ազգի պատմութիւնն, առկայ կեանքն ու ապագան: Եւ զարմանալին այն է, որ այս բոլորը ներկայացւում է զաւեշտական ժանրով:
Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում ներկայացւած «Վերելք» թատերգութեան աւարտին ամբողջ սրահում տիրում էր զգայացունց մթնոլորտ: Յատկանշելի էր բեմադրութեան աւարտին Վարդան Պետրոսեանի սրտաբուխ ու անկաշկանդ արտայայտութիւնը, ինչը բխում էր նրա ջինջ ու անկեղծ հոգուց եւ այն նւիրումն ու մեծ սէրը, որ վաստակաւոր արւեստագէտը մտածում է իր ազգի հանդէպ:
Բեմադրութեան աւարտին յուզախառն ապրումով եւ ինքնահաստատման զգացմունքով լիցքաւորւած հանդիսատեսները յոտնկայս բուռն ծափահարութիւններով քաջալերում էին նրան եւ իրենց անկեղծ ու վերելքի ճանապարհը գտած գաղափարը կիսում մեծ արւեստագէտի հետ:
Վերջում Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից Միութեան Վարչութեան կողմից ծաղկեպսակ նւիրւեց Վարդան Պետրոսեանին

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .