Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 18:47
Rate this item
(0 votes)

ԹՈՒՐՔԻԱՆ  ԵՐԿՈՒ  ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ  ՄԻՋԵՒ

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նոյեմբեր ամսի հանդիպումը տեղի ունեցաւ  2015-ի նոյ. 2-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում՝ միութեան անդամների եւ հիւրերի ներկայութեամբ: Ծրագրում նախատեսւել էր բանախօսութիւն եւ ընդունելութիւն: Նկատի ունենալով Թուրքիայի վերջին շրջանի անցուդարձերը, հայ պատգամաւորների մուտքը խորհրդարան, Թուրքիայում ծաւալւած ահաբեկչական ակտերն ու անկարգութիւնները եւ խորհրդարանական ընտրութիւնների երկրորդ փուլ անցնելը, որպէս օրւայ հետաքրքրական նիւթ ընտրւել էր «Թուրքիան երկու ընտրութիւնների միջեւ» թեման:

Ծրագրի բացումը կատարեց Երէցների միութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը, որը մի քանի յայտարարութիւններից յետոյ, հակիրճ կենսագրականով ներկայացրեց օրւայ դասախօս՝ միութեանս անդամ ընկեր Իսակ Իւնանէսեանին:

Ընկեր  Իսակ Իւնանէսեանը մասնագիտութեամբ  բնապահպանութեան ճարտարագէտ է, սովորել է «Ազատ» համալսարանում՝  ստանալով  լիսանս եւ գերլիսանս  աստիճաններ: Այժմ հետեւում է նոյն մասնագիտութեան դոկտորականի դասընթացներին: 2010 թւականից անդամակցել է Թեհրանի Հայ Դատի յանձնախմբին եւ ներկայիս այդ յանձնախմբի քաղաքական հարցերի պատասխանատուն  է. ուսումնասիրում է Թուրքիայի եւ Ադրբէջանի քաղաքական հարցերը. մասնակցել է «Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Թ. Հ. Թ.-ի յանձնախմբին»:

Ընկեր Իսակն իր խօսքն սկսելով, ակնարկեց Թուրքիայի իշխող՝ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան (ԱԶԿ) հիմնադրման, քաղաքականութեան, յաղթարշաւի եւ կարճ միջոցում կառավարութեան ղեկին գտնւելու, ապա նրա որդեգրած երկու  ուղղութիւնների մասին, այն էր՝ բարելաււել երկրի հիւանդ տնտեսութիւնը եւ փորձել մուտք գործել Եւրամիութիւն: Առաջին ուղղութեամբ յաջողեց՝ շնորհիւ Իրան-Իրաք պատերազմի եւ Իրանի արգելափակման,  սակայն Եւրամիութիւն մուտք գործելու համար ենթադրւում էր հարեւանների՝ այդ թւում նաեւ Հայաստանի  հետ զրոյական խնդիր ունենալ, որը ինչպէս գիտենք ոչ միայն չյաջողեց այլեւ ահաւոր բարդութիւնների դէմ կանգնեց: Հետագային փոխւեց ԱԶԿ-ի քաղաքականութիւնը եւ «Նոր օսմանականութեան» գաղափարը որդեգրւեց կուսակցութեան կողմից:

Բանախօսը թւեց Էրդողանի կառավարութեան թոյլ տւած սխալները՝ ներքին եւ արտաքին ճակատներում՝ Սուրիոյ հարցը, Եգիպտոսում Մուսուլման եղբայրների կառավարութեան հովանաւորումը, ահաբեկիչ ծայրահեղականների անուղղակի հովանաւորումը, Քոբանիի հարցը, հասարակական ցանցերի նկատմամբ կոշտ վերաբերմունքը, իր զաւակի դերը եւ այլն, որոնց արդիւնքում նրա ղեկավարած կուսակցութիւնը խորհրդարանի ընտրութիւններում չյաջողեց եւ անցաւ  յաջորդ փուլ:  Երկրորդ փուլի ընտրութիւնները տեղի ունեցան նոյեմբերի սկզբին, որի արդիւնքը արդէն յայտնի է դարձել:   Իշխող կուսակցութիւնը անսպասելիօրէն շահել է մեծամասնութիւն, իսկ առաջին փուլում խորհրդարան մուտք գործած այլ կուսակցութիւններ տոկոսային կորուստ են ունեցել: Դարձեալ խորհրդարան են անցնում երեք հայ թեկնածուներ, որոնցից մէկը ԱԶԿ-ից է: ԱԶԿ-ը չորս տարի եւս կառավարելու է երկիրը՝ հաւանաբար խորհրդարանական կարգերից անցնելով նախագահականի:

Այնուհետ ընկեր բանախօսը անդրադարձաւ Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան ժխտողական քաղաքականութեանը, որը սկսւել է 1923-ից: Ժամանակին Աթաթուրքը մեղադրում էր Երիտթուրքերին հայոց ջարդերը կազմակերպելու գործում, սակայն երբ ինքը կանգնեց երկրի ղեկին, հակառակ  դիրքորոշում որդեգրեց: Հայոց Ցեղասպանութիւնը տաբու դարձաւ, պատմութեան դասագրքերը փոխւեցին, գրքեր ու հանրագիտարաններ հրատարակւեցին՝ ժխտողականութիւնը դարձնելով պաշտօնական ուղղութիւն: ԱԶԿ-ի գործի անցնելուց յետոյ,  նկատելով, որ Եւրամիութիւն մուտք գործելու խնդրում Հայոց Ցեղասպանութեան հարցը կարեւորւում է, իշխանութեան կողմից սկսւեց այն արծարծւել՝ անշուշտ աղաւաղւած տարբերակով:

Բանախօսը նկատեց, որ Հայոց Ցեղասպանութեան ընդունման հարցը Թուրքիայում, որքան էլ անհաւանական թւայ, ժամանակի հարց է եւ իր համոզմամբ ԱԶԿ-ի կողմից կը ճանաչւի: Նա անդրադարձաւ Հայաստանի նախագահի Ֆուտբոլային քաղաքականութեան, Հրանդ Դինքի սպանութեան եւ առնչւող այլ խնդերների,   հետաքրքիր տեղեկութիւններ, թւային տւեալներ ու վերլուծութիւններ ներկայացրեց, որոնց հետաքրքրութեամբ հետեւում էին ներկաները, իսկ բանախօսութեան աւարտին պատասխանեց նաեւ արծարծւող հարցերին:

Վերջում ներկաները  հրաւիրւեցին վայելելու միութեան անդամուհիների կողմից պատրաստւած  ընթրիքը: