Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 09 Մարտ 2016 18:22
Rate this item
(0 votes)

Թւականիս փետրւարի 26-ի առաւօտեան ժամը 10-ին, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական բաժանմունքի գայլիկ-արծւիկները թւով աւելի քան 23 հոգի իրենց պատասխանատուների գլխաւորութեամբ ներկայ գտնւեցին Ս. Սարգիս մայր եկեղեցում մատուցւող Արեւագալի եւ ս. պատարագի արարողութեանը, որի ընթացքում քարոզեց Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Սրբազան Հայրը իր քարոզում յատուկ կերպով ողջունեց բոլորին եւ գնահատեց նրանց ներկայութիւնը:


Աւելի ուշ՝ եկեղեցական արարողութիւնից յետոյ գայլիկ-արծւիկներին ու նրանց պատասխանատուներին առաջնորդարանի դահլիճում ընդունեց Սրբազան Հայրը: Սրբազան Հայրը նախ ողջունեց սկաուտներին եւ գնահատեց նրանց՝ եկեղեցում ներկայ լինելու համար եւ նշեց՝ դուք փոքրիկներ, որ մասնակցում էք Սկաուտական բաժանմունքի աշխատանքներին, շատ բաներ սովորելով եւ հայեցի դաստիարակութիւն ստանալով ու կրօնական ձեր գիտելիքները հարստացնելով, ապագայում կը դառնաք ազգային լաւ մարդիկ եւ կը կարողանաք ծառայել հայ ժողովրդին ու մեր հայրենիքին:
Նկատի ունենալով, որ միեւնոյն ժամանակ տեղի էր ունենում Ի. Ի. Հ. խորհրդարանի հայ պատգամաւորի ընտրութիւնը, Սրբազան Հայրը հարցրեց փոքրիկներին թէ ինչու են ժողովուրդը համախմբւել Ս. Սարգիս եկեղեցու բակում, գայլիկ-արծւիկների մեծամասնութիւնը պատասխանեց՝ հայ պատգամաւոր ընտրելու համար:
Աւարտելով իր խօսքը, նա հարցումների առիթ տւեց փոքրիկներին, ովքեր՝ կրօնի, եկեղեցու եւ իրենց հետաքրքրող հարցերով դիմեցին Սրբազան Հօրը, որոնց մասին նրանց բաւարարող պատասխան տւեց Սրբազան Հայրը:
Վերջում Սրբազան Հայրը սկաուտներին յանձնեց «Աշակերտի Աստւածաշունչ» գիրքը: