Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 07 Հունիս 2016 14:37
Rate this item
(1 Vote)

ԿԻՆՈՅԻ  ԴԵՐԸ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ԿԱՐԾԻՔ  ՍՏԵՂԾԵԼՈՒ  ԳՈՐԾՈՒՄ

Երէցների միութեան ամսական  հանդիպումը կայացաւ  երկուշաբթի, յունիսի 6-ին երեկոյեան ժամը 7,30-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» դահլիճում, ներկայութեամբ միութեան անդամների եւ հիւրերի: Ինչպէս միշտ, ծրագրում նախատեսւել էր դասախօսութիւն եւ ընդունելութիւն:

Բացման խօսքով ելոյթ ունեցաւ միութեան վարչութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը, որ իր խօսքի սկզբում անդրադառնալով ընկեր Գրիգոր (Գրիշ) Մանուկեանի ցաւալի կորստին եւ նրան բնորոշելով որպէս  օրինակելի միութենական, ներկաներին հրաւիրեց յոտնկայս մէկ րոպէ լռութեամբ  յարգել ընկերոջ պայծառ յիշատակը: Ապա ներկայացրեց օրւայ դասախօս Անահիտ Աբադին, ով ունենալով կինոբեմադրութեան մասնագիտական կրթութիւն՝ լիսանսի աստիճանով, հայկական թեմաներով կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է, հանդիսացել է կինոյի թանգարանի հիմնադիրներից ու իր ներդրումն է ունեցել թանգարանի հայկական բաժնի  աշխատանքում. ներկայիս նրա բեմադրութեամբ եւ  հայ դերասանների խաղարկութեամբ, հայկական թեմայով  պատրաստւող լիամետրաժ ֆիլմը, աւարտման  փուլում է գտնւում:

Դասախօսութեան նիւթն էր՝ «Կինոյի դերը միջազգային կարծիք առաջացնելու գործում»: Դասախօսը օրինակներով բացատրեց, թէ ինչպէս տեսողական միջոցներով՝ պատկերներով հնարաւոր է ազդեցութիւն բանեցնել քաղաքական, հասարակական եւ այլ ոլորտների յարաբերութիւնների վրայ՝ առաջացնելով նոր իրավիճակներ: Յիշողութիւնը, երեւակայութիւնը, երազը պատկերներով են ներկայանում մեր մտքերի մէջ: Պատկերը մարդու հետ է լինում իր կեանքի սկզբից եւ զարգանում է նրա հետ: Ամէն ինչ նախ պատկերով է ձեւաւորւում, ապա իրական աշխարհում մարմնաւորւում ու կերպարանք ստանում: Այդպէս, մարդու ստեղծագործական միտքը կարողացել է  երեւակայութիւնը մարմնաւորել եւ ստեղծել զանազան իրեր,  արհեստի ու արւեստի գործեր:  20-րդ դարում շնորհիւ նոր տեխնոլոգիաների պատկերի ազդեցութիւնը շատ աւելի է ընդլայնւել: Կինոն մեծ հնարաւորութիւն է ստեղծել երեւակայութիւնը մարմնաւորելու, իրականուութիւն դարձնելու:

Դասախօսի ներկայացրած տւեալներով՝ հրեաների Հոլոքոստի թեմայով հարիւրաւոր լիամետրաժ ֆիլմեր են արտադրւել, իսկ անուղղակի կերպով՝ տասնեակ հազարաւոր ֆիլմերում Հոլոքոստի  թեման  արտացոլւել է:  Այնինչ՝ Հայկական ցեղասպանութեան թեմայով փոքրաթիւ ֆիլմեր կան, այն էլ՝ աւելի շուտ հայկական դահլիճի համար ստղծւած: Ուրեմն կարելի է ասել, որ  մարդկային յիշողութեան մէջ Հոլոքոստը շարունակում է շատ աւելի խոր ազդեցութիւն  թողել  քան Հայկական ցեղասպանութիւնը:

Դասախօսի դիտարկմամբ՝ հայկական իրականութեան մէջ, սովորութիւն է՝ գրաւոր կամ բանաւոր եղանակներով փոխանցում կատարել ու  քարոզչական աշխատանք տանել,  չփորձելով պատկերային յիշողութիւն ստեղծել: Այդ գործելակերպը իշխում է ամենուր: Օրինակ մեր համայնքում, ազգային համակարգում, միութիւններում չկայ պատկերների միջոցով ազդեցութիւն ներգործլու  միտում, մինչդեռ  մենք բոլորս լաւատեղեակ ենք տեսողական արւեստի անմիջական ազդեցութեանը եւ անձամբ մեր դիտած ֆիլմերից վառ տպաւորութիւններ ենք  պահում մեր յիշողութեան մէջ,- եզրակացրեց դասախօսը:

Դասախօսութեան վերջում յոյս յայտնւեց, որ մեր ազգային համակարգում եւ միութիւններում ֆիլմարւեստն իր արժանաւոր տեղը գտնի:

Ծրագրի յաջորդ մասում ներկաները հրաւիրւեցին վայելելու միութեան բաժանմունքների կողմից պատրաստւած ուտեստները, ապա նշւեցին ամսւայ տարեդարձները:

 

 

Հ.Մ.Ա.Կ.