Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 15 Ապրիլ 2017 09:53
Rate this item
(0 votes)

« Ա Ւ Ր Ո Ր Ա »

ԵՐԷՑՆԵՐԻ  ՄԻՈՒԹԵԱՆ  ԱՊՐԻԼԵԱՆ  ՁԵՌՆԱՐԿ

Երկուշաբթի, ապրիլի 10-ին, տեղի ունեցաւ ՀՄԱԿ-ի Երէցների միութեան ապրիլ ամսւայ հանդիպումը՝ միութեան անդամների եւ նրանց հիւրերի ներկայութեամբ:

Ապրիլը, ինչպէս միշտ, յագեցւած է լինում բազմաթիւ ու բազմապիսի ձեռնարկներով: Երէցների միութեան ապրիլեան հանդիպումը եւս բացառութիւն չէր կազմում:

Ծրագրից առաջ, կանանց  ու մայրերին մեծարելու համար, վարչութեան կողմից շնորհաւորում էին դահլիճ մտնող կանանց  տօնը եւ  նրանց  նւիրում Երէցների միութեան մակագրութեամբ ստւար մի հատոր՝ «Հայուհին պատմութեան առջեւ» խորագրով: 

Գիրքը հեղինակել է Հայր Վարդան Հացունին, առաջին անգամ լոյս է տեսել Վենետիկում, վերահրատարակել  է Թեհրանի հայ կանանց բարեգործական ընկերութիւնը՝ Տէր Սեպուհ արք. Սարգսեանի նախաբանով, 2009 թւականին:

Ծրագրի բացումը կատարեց միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը: Նա սկզբում շնորհաւորեց կանանց ու մայրութեան տօնը,  յիշատակի խօսք ասաց Մեծ Եղեռնի տարելիցի առթիւ, ապա ընթերցեց միութեան երեք բաժանմունքների  նորընտիր վարչութիւնների անւանացանկը: Վերջում հրաւիրեց աշակերտուհի՝ Մինէ Թաhմասեան՝  կատարելու «Մայրիկ» անունով հոգեպարար մի երգ: Այնուհետեւ,  վարչութեան անդամ՝ ընկեր Դիանա Տէր-Յովսէփեանը նոյնպէս շնորհաւորելով ներկայ մայրերի տօնը, անդրադարձաւ օրւայ ծրագրին:

Բուն ծրագրին անցնելով՝ ցուցադրւեց 1918 թւականին նկարահանւած «Հոգիների աճուրդ» սեւ-սպիտակ ու համր ֆիլմի տեսարաններից պատրասրւած՝  24 րոպէ տեւողութեամբ մի  տեսահոլովակ՝ անգլերէն մակագրութեամբ, համապատասխան բացատրութիւններով:

«Հոգիների Աճուրդ» կինոնկարը Եղեռնի սարսափները ապրած Արշալոյս Մարտիկեանի կեանքի պատմութիւնն էր, իր իսկ մասնակցութեամբ նկարահանւած Հոլիվուդում, որը ցաւօք անհետացել է, միայն գտնւած մի հատւածից օգտւելով պատրաստւել է ցուցադրւած տեսահոլովակը:

Ծրագրի ընթացքում ներկայացւեց Արշալոյս Մարտիկեանի կեանքը, ով մինչեւ 14 տարեկան ապրում էր Արեւմտեան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածագ գիւղաքաղաքում՝ բարեկեցիկ մի ընտանիքում. ապա սկսւում է 1915 թւականի Ցեղասպանութեան զարհուրելի արհաւիրքը, ամբողջապէս տեղահանւում է շրջանի հայութիւնը, Արշալոյսը կորցնում է իր բազմամարդ ընտանիքի անդամներին, ընկնում է թուրքի ու քուրդի հարեմներ, ապա փախչելով՝ լեռնային ճանապարհներով հասնում է Էրզրում,  որն այդ օրերին գտնւում էր ռուսական զօրքերի վերահսկողութեան տակ: Էրզրումում, Արշալոյսը հանդիպում է Զօրավար Անդրանիկին ու պատմում  է թէ ինչպես ինքը ականատես է եղել թուրք դահիճների բարբարոսութիւններին եւ հայ ժողովրդի բնաջնջմանը: Անդրանիկ  Զօրավարի աջակցութեամբ նա յաջողում է հասնել Թիֆլիս, այնտեղից՝    Մերձաւոր  Արեւելքի  հայ որբերի օգնութեան ամերիկեան կոմիտէի օգնութեամբ  հասնում է Պետրոգրադ, ապա Օսլօ եւ վերջապես  Ամերիկայի Միացեալ Նահանգներ՝  Նիւ Եօրք:

Արշալոյսը իր հօրեղբօրը  գտնելու միտումով 1917-ին մի յայտարարութիւն  է տպագրում   «Նիւ Եօրք» թերթում, որը  գրաւում է  ամերիկացի երիտասարդ բեմագիր Հարւի Գէյթսի ուշադրութիւնը, ով  ցանկանաում է  գրի առնել նրա պատմութիւնը: 

Այդ պատմութիւնը լոյս է տեսնում  1918-ին,  անգլերէն լեզւով, «Յօշոտւած Հայաստան» (Ravished Armenia) խորագրով, որի կազմին Արշալոյսն էր պատկերւած աւանդական տարազով եւ Աւրորա Մարդիգանեան անունով (Աւրորա նշանակում է արշալոյս):  Այդ տարիներին, «Յօշոտւած Հայաստան» գիրքը  անգամներ վերահրատարակւում է:

«Յօշոտւած Հայաստան»-ը նոյն թւականին վերածւում է կինոնկարի՝ «Հոգիների աճուրդը» անունով որտեղ ցուցադրւում է այն բարբարոսութիւնները, որոնց ենթարկւել էր հայ ժողովուրդը:

կինոնկարը առաջին անգամ ցուցադրւում է 1919-ի յունւարին Վաշինկտոնում:

Հայոց  ցեղասպանութեանը  նւիրւած այդ առաջին գեղարւեստական ժապաւէնի գլխաւոր դերում յայտնւում է ինքը՝ Արշալոյսը:  Նկարահանումները տեւում են շուրջ երկու ամիս: Ժապաւէնը մեծ յաջողութիւն է ունենում, որի հասոյթից 30  միլոն դոլար  տրամադրւում է Մերձաւոր Արեւելքի 60  հազար հայ որբերի  կենսապահովման գործին:

ֆիլմը մեծ յաջողութեամբ ցուցադրւում է ԱՄՆ-ի 25 նահանգների խոշոր քաղաքներում, Անգլիայում, Լատին Ամերիկեան երկրներում եւ այլուր:

Սակայն կինոնկարի եւ Աւրորայի փառքը երկար չեն տեւում: 1920-ական թւականներին, ինչ-ինչ պատճառներով, ֆիլմը դադարում է ցուցադրութիւնից, նոյնիսկ անհետանում է արխիւներից: Գիրքը եւս հանւում է գրատներից, իսկ Արշալոյսը, որ 1928-ին ամուսնանում է իր նման վտարանդու հետ, մեկուսացւած կեանկով անց է կացնում բովանդակ կեանքը: Նա մահանում է 1994-ին՝ 93 տարեկան հասակում:

Կինոնկարից գտնւել է միայն 18 րոպէանոց մի հատւած, որից օգտւելով պատրաստւել է 24 րոպէ տեւողութեամբ մի տեսահոլովակ՝ անգլերէն մակագրութեամբ:  Այդ տեսահոլովակը ցուցադրւեց դահլիճում՝ համապատասխան բացատրութիւնով:

Ցուցադրւեց նաեւ 2015-ին հիմնադրւած «Աւրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի տեսահոլովակներից հատւածներ: Մրցանակը «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան  նախագծերից մէկն է, որ ի յիշատակ Արշալույս Մարտիկեանի  խիզախութեան ու ոգեշնչող պատմութեան, ստացել է   «Աւրորա» անւանումը:

Համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է արժանին մատուցել մեր օրերի հերոսներին եւ գնահատել այն բացառիկ ազդեցութիւնը, որ նրանց գործունէութիւնն ունեցել է մարդկային կեանքի պահպանման եւ մարդասիրական գործն առաջ մղելու հարցում։


Մրցանակը շնորհւում է ամէն տարի եւ յանձնւում է այն անհատներին, որոնց ջանքերի շնորհիւ փրկւել են բազմաթիւ մադկային կեանքեր: Անդրանիկ մրցանակը յանձնւեց 2016-ի ապրիլի 24-ին Մարգրիտա Բարանկիցէին, ով տեսնելով հանդերձ իր եօթ երեխաների մահը, մօտ 30 հազար երեխայի կեանք  է փրկել Բուրունդիի ցեղասպանութեան ժամանակ: «Աւրորա» մարդասիրական  2-րդ մրցանակի արարողութիւնը տեղի կունենայ 2017-ի մայիսի  28-ին:

Ծրագրի աւարտին ներկաները հիւրասիրւեցին միութեան բաժանմունքների պատրաստած ուտեստներով: Նշւեցին ապրիլ ամսւայ տարեդարձները: Նաեւ միութեան վաստակաւոր անդամներից մէկի առաջարկով նշւեցին ամսւայ տօները:

Նիւթը պատրաստել է Էդւարդ Յարութիւնեանը:

Հ.Մ.Ա.Կ.-Ի Հանրութեան հետ կապ