Նախաձեռնութեամբ ՀՄԱԿ-ի Երէցների միութեան վարչութեան եւ Հանրային-հասարակական բաժանմունքի ու «Գրական շրջանակ»-ի համագործակցութեամբ ուրբաթ, յունիսի 23-ին, երեկոյեան ժամը 7-ին «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ վերջերս Երեւանում լոյս տեսած «Հարփիկ Թամրազեան»-ի յիշատակին նւիրւած ժողովածուի շնորհանդէսը:
Բացման խօսքով հանդէս եկաւ միութեան Հանրային-հասարակական բաժանմունքի նախագահուհի՝ ընկեր Արմինէ Գրիգորեանը: Նա ակնարկելով «Հարփիկ Թամրազեան» անունը կրող հատորին, ամփոփ գծերով ներկայացրեց հեղինակի կեանքն ու ազգային-հասարակական ծաւալուն գործունէութիւնը, որ ցաւօք վաղաժամ ընդհատւեց մեքենայի վթարի պատճառով՝ 1977-ին:
Այնուհետեւ ելոյթ ունեցաւ Հարփիկ Թամրազեանի դուստր, մասնագիտութեամբ լեզւաբան՝ դոկտ. Արմինէ Թամրազեանը: Նա շնորհակալութիւն յայտնելով Երէցների միութեան վարչութեանը եւ բոլոր նրանց, որոնց ջանքերի շնորհիւ կազմակերպւել է սոյն ձեռնարկը, անդրադարձաւ գրքի ենթաբաժիններին ու յօդւածներին: Նրա բացատրութեամբ՝ գրքի նիւթերը ընտրւել են տպագրւած կամ ձայնագրւած բազմաթիւ նիւթերի միջից:
Յաջորդ բանախօսը ընկեր Վարդան Վարդանեանն էր: Նա ակնարկելով գրքի յօդւածներին, հետաքրքիր նմուշներ կատարեց Հարփիկ Թամրազեանի մօտեցումների ու համոզմունքների մասին, իսկ խօսքի վերջում յուշեր պատմեց նրա հետ ունեցած իր հանդիպումներից ու տպաւորութիւններից:
Այնուհետ շուրջ 6 րոպէ տեւողութեամբ հնչեց Հարփիկ Թամրազեանի կենդանի ձայնը՝ մի հատւած Մեծ Եղեռնի 50-ամեակին արտասանած բանախօսութեան ձայնագրութիւնից:
Ժողովածուում տեղ գտած Հարփիկ Թամրազեանի բանաստեղծութիւններից ընթերցեցին ընկերներ՝ Արմիկ Դանիէլեանը, Սաթի Արթունօֆն ու Սեդա Թարվերդեանը: Այդ ընթացքին սրահում հնչում էր «Երգը կորցրած կարապը» բանաստեղծութեան վրայ յօրինւած Զօրի Դաւոյեանի երաժշտութիւնը:
Վերջում Իրանահայ գրողների միութեան նախագահ, բանաստեղծ Վարանդը ընթերցեց Հարփիկ Թամրազեանին նւիրած իր բանասեղծութիւնը՝ գրւած պատանի տարիքում նրանից ստացած տպաւորութեան հիման վրայ, ապա մի օրինակ իր վերջին գրքից - իրանական արդի բանաստեղծներից կատարած թարգմանութիւններ - նւիրեց դոկտ. Արմինէ Թամրազեանին:
Նախասրահում ներկաներին էր տրամադրւում խնամքով կազմւած, որակեալ տպագրութեամբ «Հարփիկ Թամրազեան» հատորը: Նաեւ նախատեսւած էր ընդունելութիւն ծրագրի սկզբում եւ վերջում:
Հ.Մ.Ա.Կ.