Միութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը անդրադառնալով հանդիպման թեմային, նկատել տւեց, որ այն կարելի է դիտարկել երեք հարթութեան վրայ.
1- Իրան եւ իրանահայութիւն. 2- Հայաստան եւ իրանահայութիւն. 3-Իրան եւ Հայաստան:
Ընկերը մի շարք հարցումներով դիմեց դահլիճին, թէ՝ ինչպէ՞ս կարելի է մեր համայնքում յաջողակ գործարարների ներուժը համախմբել ու մասնակից դարձնել երիտասարդութեանը, ինչպէ՞ս օգտւել Հայաստանում հաստատւած մեր Կազմակերպութեան ընկերի ներուժը, ի՞նչ մտածուներ կան ազգային իշխանութեան մօտ համայնքում նման համախմբում առաջացնելու մասին, ի՞նչ է մեր անելիքը որպէս անհատ, միութիւն, համայնք եւ այլն:
Արտայայտւելու առիթ տրւեց Թեմական խորհրդի ատենապետ պրն. Ռոբերտ Բեգլարեանին, որ իր խօսքը սկսեց հակադարձ հարցումով, թէ՝ ինչո՞ւ պիտի այդ հարցով մտահոգւի ազգային իշխանութիւնը: Ապա ակնարկելով Թեմի դրւածքի, գործելաոճի, գործունէութեան եւ հնարաւորութիւնների մասին, նա շեշտեց, որ ազգային իշխանութիւնը գործոմ է եղած կանոնագրութեան համաձայն եւ պիտի քննել թէ՝ նման կառոյցներ կեանքի կոչելու համար ի՞նչ նախադրեալներ կան:
Խօսք տրւեց Իրան-Հայաստան առեւտրական պալատի նորընտիր վարչութեան նախագահ՝ Հերւիկ Եարիջանեանին: Նրա ասութեամբ Առեւտրական պալատը վերջերս մասամբ ակտիւացել է, ՀՀ-ում ունի ներկայացուցչութիւն, անցած ամսում շուրջ երեք տասնեակ իրանական ընկերութիւններ՝ մեծ մասամբ բժշկական ոլորտում, ներդրում կատարելու նպատակով հաստատւել են Հայաստանում:
Ներկաներից Մարիանա Աբրահամեանը,իրեն ներկայացնելով որպէս Իրանում բնակւող ՀՀ քաղաքացի, լրագրող ու լուսանկարիչ, ասաց՝ խորհրդատւական մի կենտրոնի գոյութիւնը շատ հարցերում օգտակար կարող է հանդիսանալ Հայաստանում բնակութիւն հաստատող ընտանիքներին:
Էմիլ Մնացականեանը անդրադառնալով ժամանակի պահանջների բերումով Սփիւռքում առաջացած մարզամշակութային ու եկեղեցական կառոյցներին, ասաց՝ ժամանակի ընթացքին, յատկապէս Հայաստանի վերանկախութիւնից յետոյ նոր պահանջներ են առաջացել, որոնք կարօտ են նոր լուծումների: Այսօր սիրողական հիմունքով աշխատելը պատասխան չի տալիս: Ունենալով համասփիւռքեան դրւացք, կարելի է այդպիսի համախմբում առաջացնել: Կարիք կայ անհատական ձեռնարկներով չսահմանափակւել: Թեմական խորհուրդները կարող են մղիչ ուժ հանդիսանալ՝ իրանահայ գործարարների համախմբում ստեղծելու գործում: Եւրասիա մուտք գործելու համար Հայաստանը իդէալ երկիր է: Մի խօսքով՝ հարկ է նոր կառոյցներ կեանքի կոչել եւ փորձառութիւնները ի մի բերել:
Թեմական խորհրդի անդամ՝ ընկեր Արա Գալստեանի դիտարկմամբ՝ Իրանում մեր համայնքի բարօրութիւնը ազգային իշխանութեան առաջնահերթութիւնն է, իսկ Թեմական խորհուրդը, ինչպէս նաեւ միութիւնները, յաճախ մխրճւած են լինում առօրեայ աշխատանքներում: Իրան-Հայաստան առեւտրական պալատի պարտականութիւնն է գործարարներին ուղորդել Հայաստանի հետ համագործակցելու:
Ընկեր Հենրիկ Խալոյեանը ողջունեց ձեռնարկի կազմակերպումը: նրա խօսքով՝ իրանահայութիւնը չի կարող անջատ լինել Իրանի իրականութիւնից, միեւնոյն հասարակութեան մէջ՝ միեւնոյն ընթացքով է ապրում: Երբ երկիրը տագնապ է ապրում, համայնքն էլ տագնապում է: Կազմակերպւած Սփիւռքը մեծ արժէք է անկախ Հայաստանի համար, պիտի պահել այն, նոյնպէս կազմակերպւած իրանահայութիւնն արժէք է: Պիտի օրւայ պայմաններին համապատասխան մտածել ու արագ կազմակերպել: Իրան-Հայաստան առեւտրական պալատը շատ կարեւոր է Հայաստանին օգտակար լինելու համար: Մենք ճիշտ կառոյց ունենք: Ոչ-կառավարական կառոյցները (NGO) գալիս են օգնելու պետական կառոյցներին, նախարարութիւններին, եզրակացրեց ընկերը:
Արտայայտւեցին նաեւ ընկեր Ժոզեֆ Նազարեանը եւ հագուստի դիզայներ՝ Էդնա Զէյնալեանը:
Վերջում ընկերական ջերմ միջավայրում հիւրընկալւեցին ներկաները ու նշւեցին ամսւայ տարեդարձները:
Նիւթը յանձնեց ընկեր Էդւարդ Յարութիւնեանը:
Հ.Մ.«Արարատ»Կ.