Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան 2019-ի առաջին ամսական հանդիպումը տեղի ունեցաւ փետրւարի 4-ին, «Վ. Ղարաբէգեան » սրահում: Հրաւիրւած էր երիտասարդ երաժիշտ, համալսարանի դասախօս ու խմբավար՝ Սերժիկ Միրզայեանը: Նա «Արասբարան» մշակութային կենտրոնում (فرهنگ سرای ارسباران) կազմել է 70 հոգանոց երգչախումբ ու 50 հոգանոց նւագախումբ:
Ծանօթութեան համար, նախ ցուցադրւեցին զոյգ խմբերի կատարումներից կարճ տեսանիւթեր:
Միութեան նախագահ՝ընկեր Հարմիկ Զովէլեանը նախ բարիգալստեան խօսքից յետոյ շնորհաւորեց 22 Բահմանը Իրանի յեղափոխութեան հիմնադրման 40-ամեակը ապա ներկայացրեց խմբավար՝ Սերժիկ Միրզայեանին, ում ընկերակցում էին իր կազմած երգչախմբից 60-ի հասնող անդամներ:
Կարճ զրոյցից յետոյ, երգչախումբը կատարեց երկու պարսկերէն հայրենասիրական ու չորս հայերէն երգեր: Հայերէն երգերի երաժշտութիւնը պատկանում էր խմբավար Սերժիկին, իսկ խօսքերը՝ Ծաղկանուշ Ծատուրեանին:
Ներկաների համար միանգամայն անակնկալ էր այդ հանդիպումը՝ մի խոստումնալից երաժշտի հետ, ով շնորհիւ իր բնատուր տաղանդի ու տարիների անխոնջ աշխատանքի, հնչեցնում է հայ երգը պարսկալեզու երգիչների շուրթերից ու բարձր պահում հայ անունը:
Ծրագրի յաջորդ բաժինը յատկացւած էր ընդունելութեան եւ տարեդարձների նշմանը, որ ինչպէս միշտ հաճելի մթնոլորտ ու միմեանց հետ շփման առիթներ է ստեղծում: Միութենականների եւ հիւրերի հետ միասին, հիւրընկալւեցին նաեւ երգչախմբի բոլոր անդամները: