Ուրբաթ, 2021 թւականի, դեկտեմբերի 17-ի առաւօտեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տօնակատարւեց Երէցների միութեան հիմնադրման 57-ամեակը:
Բացումը կատարեց Երէցների միութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Բաբա Ահարոնեանը, ով ողջունելով ներկաներին հրաւիրեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Խալոյեանին, նա իր խօսքերում յոյժ գնահատեց երէցներին և միութեան կարևոր դերը Կազմակերպութեան մէջ ու շնորհաւորելով միութեան 57-ամեակը մաղթեց բեղմնաւոր աշխատանք։
Ցուցադրւեց միութեան աշխատանքներից տեսաերիզ, այնուհետև գեղարւեստական ծրագրով ելոյթ ունեցան Արւեստից միութեան «Շանթ ու Շանթիկ» թատերախմբերի և Սկաուտական միութեան անդամները ըստ հետևեալի՝
Սելին Ղևոնդեանը ասմունքեց «Ես իմ անուշ Հայաստանի»
Նոյ Նազարեանը՝ ասմունքեց «Հայը»,
Անի Յովհաննիսեանը՝ ասմունքեց «Սասունցիների պարը» ,
Դերէն Բրաթեանը՝ դաշնամուրով ելոյթ ունեցաւ «Հայկական երգերի շարանը» և Թենի Ֆարմանեանը, ով մեներգեց «Լուսին»-ը։ Երիտասարդ միութենականները բուռն գնահատւեցին ծափողջոյններով։
Խրախճանքի բաժնում հատւեց տարեդարձի գեղեցիկ կարկանդակը և կատարւեց յիշատակալից միասնական նկարահանումներ։ ընդունելութիւնը շարունակւեց շատ հաճելի և ուրախ մթնոլորտում։