70-ԱՄԵԱՅՀ.Մ.«ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
12-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
1956 ԱՊՐԻԼԻ 20 – 1957 ՄԱՅԻՍԻ 21
- Հայաստանի առաջին հանրապետութեան վերջին շրջանի վարչապետª Սիմոն Վրացեանը, այցելել է միութիւն, որը նախագահել է Ապրիլ 24-ի առիթով կազմակերպւած յուշատօնը եւ ունեցել օրւայ բանախօսի հանգամանքը: Նա ունեցել է նաև երկու դասախօսութիւնª «Հայաստան եւ Սփիւռք» եւ «Ազգ, հայրենիք եւ պետութիւն» նիւթերով:
- Միութիւն են այցելել ականաւոր եւ հանրածանօթ հիւրեր, անւանի գրագէտ եւ ազգային– հասարակական գործիչª Մալխասը, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր եւ ազգային–հասարակական գործիչª Մովսէս Տէր Գալստեանը, «Ամենուն Տարեգիրք»-ի հեղինակ հրատարակիչ եւ ազգային – հասարակական գործիչª Կարօ Գէորգեանը:
- Միութեան երգչախումբը լարաւոր քառեակ նւագախումբի հետ ընկերակցութեամբ և ղեկավարութեամբª Էդիկ Յովսէփեանի, իր մասնակցութիւնն է բերել Մալխասի յոբելենական հանդէսին:
- Երգչախմբի մեներգիչները ելոյթ են ունեցել Թեհրանի ձայնասփիւռից:
- Թատերական աշխատանքը յանձն է առել ղեկավարելու օրւայ վարչութիւնը: Բեմադրւել են մի շարք թատերգութիւններ, որոնցից յատկանշական էª «Համլետ»-ը:
- Ռուբէն Աթայեանի միջոցով բեմադրւել է պատանի հանդիսատեսի մի քանի թատերգութիւններ, սակայն դժբախտաբար այդ աշխատանքը չի շարունակւել նիւթական պատճառներով:
- Մարզական ասպարէզում ծանրաբարձութեան ախոյեանª Հենրիկ Թամրազը, մասնակցելով համաիրանական չափանիշով կազմակերպւած մրցումներին, առաջնութիւն է շահել ու մասնակցել «Մելբորն»-ի Ողեմպիական մրցութիւններին եւ շահել 5-րդ տեղը:
- Աղջիկների պինգ-պոնգի խումբը Թեհրանի միջակումբային մրցումներում զուգախաղի մէջ շահել է երկրորդ տեղը:
- Կազմւել է առաջին ֆուտբոլի խումբը, որը մասնակցելով միջակումբային մրցումներին յաջողել է հասնել եզրափակիչ խաղերին:
- Կռփամարտի խումբը միջակումբային մրցութիւններում հանդիսացել է երրորդ:
- Սկաուտականը վարչութեան աջակցութեամբ, յաջողել է հայոց դպրոցներում սկաուտական խմբեր ստեղծել:
- Թաւրիզի մասնաճիւղը կառուցել է մի փոքր սրահ եւ երկու սենեակ՝ յարակից յարմարութիւններով: Ունեցել է 80 հոգանոց մի երգչախումբ: Մասնաճիւղի միութենականների թիւն է եղել 220 հոգի: